ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի կալանավորվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վանեցյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտնեց` Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Վանեցյանի դեմ քրգործով դատախազության բողոքը։
Վարոսյանը հայտնեց, որ դատարանի որոշումը դեռևս չի ստացել։
Դեռ նոյեմբերի 24-ին գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Արթուր Վանեցյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը նրան կալանավորելու վերաբերյալ։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
«Փաշինյանի հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու». Վանեցյան
Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։