ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարան տասնյակ քաղաքացիներ են մտել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խափանել են ամբողջ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։
Բողոքի ակցիայի մասնակիցներն աղմկում էին, կանգնել էին գնացքների դռների արանքում և բղավում էին «Նիկոլ դավաճան»։ Այն քաղաքացիները, որոնք չէին մասնակցում ակցիային, ստիպված եղան լքել կայարանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է տեղում և զրուցել մեքենավարների հետ։
«Նման իրավիճակում ուղղակի չենք կարող աշխատել և վերականգնել մետրոպոլիտենի աշխատանքը»,–ասաց մեքենավարներից մեկը։
Նշենք, որ կայարանի երկու ուղղություններում էլ գնացքներ կանգնած էին մնացել։
Տեղում աշխատող ոստիկանը նշեց, որ այս պահին ոչինչ անել չեն կարող և անգամ չգիտեն, թե երբ կվերականգնվի մետրոպոլիտենի աշխատանքը։
«Տեղյակ ենք իրավիճակին, նշեմ, որ քաղաքացիները անհնազանդության ակցիաների շրջանակում, որպես ուղևորներ մտել են «Գործարանային» կայարան և թույլ չեն տալիս, որ գնացքները շարժվեն` դրանով իսկ կաթվածահար անելով մետրոպոլիտենի ողջ երթևեկությունը։ Թե երբ կվերականգնվի մետրոպոլիտենի անխափան երթևեկությունը չեմ կարող ասել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետն ավարտվել է այսօր, ժամը 12։00–ին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիր առաջ ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։