ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում հայտնաբերել են Հայաստան ուղարկված թմրանյութերի հերթական խմբաքանակը:
ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, այն հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում: Դրանում հայտնաբերված 100 հատ բլոտտեր (ծծան) թղթերը ներծծված են եղել «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցով:
Նշենք, որ այս սինթետիկ թմրամիջոցը հայտնաբերվել է դեռ անցյալ դարի 30-40-ական թվականներին ու նախապես կիրառվել է բժշկական փորձերի մեջ: Բայց դրա բացասական ազդեցության բացահայտումից հետո այն այսօր աշխարհում արգելված միջոցների շարքում է:
ԼՍԴ-ն առաջացնում է հոգեկան ու ֆիզիկական շեղումներ, հալյուցինացիա, շիզոֆրենիա և այլն: