ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
![Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակությանը. քննարկվել են հրատապ հարցեր Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակությանը. քննարկվել են հրատապ հարցեր - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25562061_0:0:1000:667_600x0_80_0_0_58b2ab59a75c1f4ab7d114d4afba117f.jpg)
Քլեր Մեյթրոն ու Թիերի Ռիբոն մանրամասն ներկայացրել են ԿԽՄԿ աշխատանքների ընթացքը: Կողմերը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Տիգրան Ավինյանը կարևորել է ԿԽՄԿ ցուցաբերած աջակցությունը և միջնորդական դերը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներն արագացնելու հրատապությունը:
Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը ամբողջովին հետևում է Ժնևի կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով հաստատված ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ կանոններին, և շարունակելու է հետևել կոնվենցիաների տառին ու ոգուն:
Ավինյանն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետ վերադարձի, անհայտ կորածների և զոհվածների դիերի որոնողական աշխատանքներում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների կապակցությամբ: Տիգրան Ավինյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները: Նա նաև ընդգծել է գործընթացն առավելագույնս արագացնելու կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում առկա հումանիտար իրավիճակին ու արցախցիների կարիքների գնահատման հարցերին:
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։
Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:
Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: