ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մտավորականները հայ գերիների և զոհված զինծառայողների դիերի վերադարձի պահանջով նամակ հանձնեցին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատուն։
Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց` դեսպանատան ներկայացուցչը խոստացել է այսօր իսկ նամակը հանձնել դեսպանին։
«Մենք բոլոր նամակների օրինակները հանձնում ենք ինչպես ՄԻԵԴ–ում մեր ներկայացուցչական գրասենյակ, այնպես էլ ՀՀ ՄԻՊ–ին։ Մեր բոլոր քայլերը համաձայնեցնում ենք նրանց հետ»,–ասաց Թոխատյանը։
Նրա խոսքով` եթե Ադրբեջանը չի կատարում գերիներին վերադարձնելու իր պարտականությունը, ապա կարելի է հող չտալու պայման դնել։
Մինսկի խումբը, ըստ Թոխատյանի, կարող է նման քայլի դիմել, որ Ադրբեջանը սթափվի։ Վաղը մտավորականները նամակ կհանձնեն ՀՀ կառավարությանը, որտեղ կլինի նաև այս առաջարկությունը։
Թոխատյանը նշեց` ՀՀ կառավարությանն ուղղված նամակում հարց կլինի` ի՞նչ քայլեր են արվում գերիների վերադարձման համար, և եթե ինչ–որ բան չի արվում, ապա ինչո՞ւ։ Նա հավելեց` ՀՀ կառավարության` որևէ գործողություն իրենց դեռևս հայտնի չէ։
Ֆրանսիայի դեսպանատան առաջ մտավորականներին դիմեցին անհետ կորածների ծնողները` ասելով, որ բոլոր պատկան մարմիններին արդեն իսկ դիմել են, սակայն որևէ արձագանք չկա։
Ի դեպ, վաղը ժամը 1-ին ԱՄՆ դեսպանատան մոտ կլինեն մտավորականները։
Հիշեցնենք, որ երեկ էլ մտավորականների մի խումբ անհայտ կորածների ու գերիների հարցով նամակով դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նամակում ասվում էր, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել, տասնյակ մարդիկ շարունակում են անհետ կորած կամ գերեվարված մնալ։ Նրանք Կոպիրկինին խնդրում էին անձամբ միջամտել գործընթացին։
Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։
«ՀՀ կառավարություն էլ կդիմենք». մտավորականները Ֆրանսիայի դեսպանատուն նամակ կհանձնեն