ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղում հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
«Նոյեմբերի 21-ին` ժամը 15.20-ին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մագերամօղլուն, Հաջիև Ֆիրուդին Մագերամօղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրինօղլուն, Հաջիևա Էլմինազ Մագերամղզին և Ադիլզադե Զիբեյդա Շաքիրղզին մահացել են Ֆիզուլիի շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախնական վարկածով` նրանք եղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, որը պայթել է հակատանկային ականի վրա։
Դատախազության աշխատակիցներն ուսումնասիրել են դեպքի վայրն ու մարմինները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող էր մահացել, վիրավորվել էին Արցախի ԱԻՆ–ի 4 աշխատակիցներ, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի 1 սպա։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում երկու մարդ է պայթել ականի վրա