ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրավիճակը լավ չի պատկերացնում և փորձում է ամեն ինչի պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը:
«Նա ամեն կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից: Նա եկել էր ասելու, որ չի պատրաստվում հրաժարական տալ, որ ինքը վերահսկում է իրավիճակը, և այդ ուղերձն ավելի շատ իր թիմակիցներին ոգևորելու և մեղքը ուրիշների վրա բարդելու մեսիջ էր պարունակում»,- ասաց նա:
Այն գրառումներն ու ելույթները, որոնցում վարչապետը խոսում է իր և իր քաղաքական ուժի հրաժարականի հանրային պահանջի բացակայության մասին, քաղաքագետն անհեթեթ է համարում: Ասում է՝ վարչապետն իրավիճակին չի տիրապետում և շարունակում է պատրանքների մեջ ապրել, ինչը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել:
«Վարչապետին հեռացնելու հանրային պահանջ միանշանակ կա, ուղղակի այդ պահանջը փողոցային պայքարով չի արտահայտվում, որովհետև այլընտրանքի հարցում անորոշություն կա, հասարակության բացարձակ մեծամասնությունը վստահ եմ, որ այդ պահանջն ունի, պարզապես այդ պահանջն առայժմ պասիվ է արտահայտված»,- հավելեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ մարդիկ ուզում էին լսել ավելի հրատապ խնդիրների, այն է՝ ռազմագերիների վերադարձի և ոչ պակաս կարևոր Բերձորի ճակատագրին վերաբերող տեղեկություններ:
«Այդ խայտառակ փաստաթղթից հետո հույս կար, որ մենք Արցախի գոնե մի մասը կարող ենք պահել, բայց Բերձորում իրադարձություններն այնպես են զարգանում, որ եթե այդ հարցը չկարգավորվի, մենք այդ կեսն էլ չենք կարողանալու պահենք, մարդիկ ակնկալում էին լսել՝ ինչ է կատարվում այնտեղ, ինչ է լինելու այդ միջանցքի հետ, ինչն այդպես էլ չլսեցին»,- նշեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետը համոզված է, որ եթե մինչև դեկտեմբերի 1-ը Բերձորի հարցում հստակություն չլինի, մենք այլևս բանակցելու ոչինչ չենք ունենա, իսկ հերթական աղետից խուսափելու համար մեր երկրին օր առաջ անհրաժեշտ է լեգիտիմ, հմուտ, արհեստավարժ ու սրտացավ առաջնորդ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։