ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը ցանկություն է հայտնել միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հացադուլին։ Այս մասին Facebook-ում գրել է երեկվանից հացադուլ սկսած ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։
«Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը` հավելյալ պահանջով՝ սահմանադրական կարգը տապալելու փաստով»,– հայտնում է Մանուկյանը` միաժամանակ նաև հորդորելով Բալայանին չմիանալ` նրա տարիքն ու առողջական վիճակը հաշվի առնելով։
Նշենք, որ Կիմ Բալայանը 73 տարեկան է, ծնունդով` Մարտակերտից։ 1990-1995 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։
1999 թ. եղել է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի իրավաբանական ծառայության բաժնի պետ։
2000-2003 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2003 թ. նոյեմբերի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
Կիմ Բալայանը 3 որդիների հայր է։ Բալայանի որդիներն են Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, դատավոր Դավիթ Բալայանը և երեկ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Գաբրիել Բալայանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ից ՀՅԴ անդամներ Գարիկ Ավետիսյանն ու Գեղամ Մանուկյանը Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի դիմաց, հացադուլ են սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։