ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրը` նոյեմբերի 22-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1609 զոհվածների անունները։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը