ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է։ Այսօր կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ դիակների վերադարձի գործընթացի արդյունքում Շուշիում 100-ից ավելի հայ զինվորների մարմիններ են հայտնաբերվել։
«Եթե Շուշին հանձնվել է, այդ զնվորներն ում հրամանով են կռվել, կամ ինչի համար են կռվել։ Ավելին ասեմ` այսօր քաղաքական հարթակներից հնչում է, որ կան կոնկրետ անձինք, ովքեր պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ տեղյակ է, որ իրավապահները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին ու փորձել նրանից կոնկրետ տեղեկություններ ստանալ, թե ինչ դավադրության մասին է խոսքը, ովքեր են դավադիրները և ինչ է տեղի ունեցել։
Փաշինյանը հայտնեց, որ իր տեղեկություններով այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ տեղեկություններ հայտնել։
«Եթե որևէ մեկը ասում է, որ ունի տեղեկություններ և հետո հրաժարվում է դրանք իրավապահներին հայտնել, դա նշանակում է, որ նա մասնակցում է դավադրությանը»,– ասաց Փաշինյանը։
Վերադառնալով Շուշիի անկման թեմային` Փաշինյանը վերահաստատեց այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է. «Դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք, և, ցավոք սրտի, մենք կորցրել ենք Շուշին»։
Անդրադառնալով բանակցային պրոցեսին` Փաշինյանը հայտնեց, որ բանակցային պրոցեսի ընթացքում, երբ որևէ տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմի համար, այն անընդունելի է եղել Ադրբեջանի համար։
«Ես ինքս ինձ հարց եմ տվել` կարո՞ղ էինք արդյոք խուսափել պատերազմից, եթե համաձայնեինք հանձնել 7 շրջանները` ներառյալ Շուշին։ Այո, կարող էինք։ Բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որը մենք ուզում էինք վարել։ Ո՛չ դա չէր, և Հայաստանի կառավարությունը, ՀՀ ԶՈւ–ն և Արցախի ՊԲ–ն ընդունեցին այդ մարտահրավերը։ Ցավոք, այդ մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որ մենք բոլորս կցանկանայինք։ Բայց նաև այն պատճառով, որ պարտության անխուսափելիության մասին խոսույթն առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` շատ քաղաքական գործիչներ, ովքեր պատերազմի առաջին օրվանից կոչ էին անում պատերազմը դադարեցնել ու հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար ՀՀ կառավարությանը մեղարդում են դավաճանության մեջ։
«Այո, Շուշին հանձնելու պայմանն առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում»,– ասաց վարչապետը` հավելելով, որ քանի դեռ կար տեսական հնարավորություն Շուշին պահելու, ՀՀ ԶՈւ–երը հերոսաբար կռիվ են տվել դրա համար։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։