ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ առաքելության դիտորդական և մարդասիրական գործառույթների հետ կապված հարցերի լայն շրջանակ»,–նշված է Հարությունյանի ֆեյսբուքյան էջում։
Երկուստեք ընդգծվել է Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին երեկ ընդունել էր ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը:
Դեռ նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ էր վարել հայ հրամանատարների հետ, որոնց ընթացքում քննարկել են առաքելության մանրամասները։
Արցախում ռուս դիտորդների առաջադրանքներն են (ըստ ՌԴ գլխավոր շտաբի հաղորդման)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում և այդ տվյալները խաղաղապահների հրամանատարության տրամադրում, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցում։
Նոր իրողություններ Ղարաբաղում․ ռուս փորձագետը վերլուծել է ՀՀ իշխանության թերությունները
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: