ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ընթանում է ինտենսիվ պատերազմ, և տարաբնույթ ռազմական մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ: Այսպես է պատասխանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունական Kathimerini օրաթերթի տված այն հարցին, թե մեկուկես ամսվա պատերազմից հետո ադրբեջանցիները տարածքային ձեռքբերումներ ունեն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և սահմանների վերաբերյալ ո՞ր քաղաքական լուծումը իրատեսական և ընդունելի կլինի հայկական կողմի համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Թույլ տվեք հիշեցնել, որ 1992-ի ամռանը կարող էր թվալ, թե հայկական կողմը պարտվում է պատերազմում, երբ փորձում էր հետ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիան: Սակայն 1994-ի մայիսին, երբ Ադրբեջանը հուսահատորեն զինադադար խնդրեց, իրավիճակը բոլորովին այլ էր»,–նշել է ՀՀ նախագահը:
Նա նշել է, որ ինչ վերաբերում է քաղաքական լուծմանը, պարզ է, որ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից կառավարվող այսպիսի դաժան ու անմարդկային ագրեսիան, որն ուղեկցվում է ռազմական հանցագործությունների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, հօդս է ցնդեցնում ցանկացած կցկտուր հույս, որ որոշ օտարերկրյա փորձագետներ ունեին Ադրբեջանի սահմաններում ղարաբաղահայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասով:
«Հայկական կողմի համար այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղի հայերի գոյատևման միակ իրատեսական տարբերակն իրենց պատմական հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքի ճանաչումն է՝ Ադրբեջանի սահմաններից դուրս: Այդպիսով, Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևման միակ միջոցը Հայաստանի հետ հուսալի տարածքային կապ ունեցող Ղարաբաղի ճանաչումն է, որը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,–ասել է ՀՀ նախագահը:
Ի՞նչ կլինի Եվրոպայի հետ, եթե Թուրքիան կառավարի Ադրբեջանը․ պատասխանում է ՀՀ նախագահը
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում