ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրա հաղորդմամբ՝ առավել համառ գործողություններ են ընթացել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ։ Հայ զինծառայողներին հաջողվել է հետ մղել հակառակորդի առաջխաղացման բազմակի փորձերը:
«Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- նշված է գրառման մեջ։
ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ լուսադեմին հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ են դիտարկվել ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
Հայկական կողմը վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը։ Համապատասխան քայլեր են ձեռնարկվում կրակային խոցման համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում