ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Լիոն քաղաքում հույն ուղղափառ եկեղեցու քահանայի վրա ենթադրյալ հարձակվողին։
Ինչպես հայտնում է Parisien թերթը, կասկածյալ տղամարդը ձերբակալվել է ուրբաթ օրը։ Նա խոստովանական ցուցմունք է տվել`ընդունելով, որ կրակել է քահանայի վրա։
Նշվում է, որ ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի է։ Նույն գործի քննության շրջանակներում ձերբակալվել է նաև նրա կինը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ին Լիոնի յոթերորդ օկրուգում հունական եկեղեցու մոտ հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել էր ուղղափառ հոգևորականը:
Գործի քննության շրջանակներում ձերբակալվել է մի տղամարդ։ Նոյեմբերի 1-ին ձերբակալվածին ազատ են արձակել։
Հոկտեմբերի 29-ին էլ ֆրանսիական Լիոնի ոստիկանությունը երկաթուղային կայարանում բերման էր ենթարկել դանակով զինված մի մարդու: Դրանից մեկ օր առաջ Նիցցայի Աստվածամոր տաճարում հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ էր մահացել։ Մի կնոջ գլխատել էին, եկեղեցու սպասավորի կոկորդը կտրել։ Հարձակում գործած անձին իրավապահները ձերբակալել էին։