ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքերը պղծել են Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը՝ հրապարակելով լուսանկար:
«Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը և «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- գրել է Վերդիանը:
Ի դեպ, Ֆրանսիայի կառավարության նոյեմբերի 4-ի օրակարգում ընդգրկված է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հարցը։
Ավելի վաղ թուրք ծայրահեղականները Լիոն քաղաքում պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:
Հրապարակված լուսանկարներում հստակ երևում է հուշարձանի վրա գրված «loup gris» գրությունը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գորշ գայլեր»:
«Գորշ գայլերը» թուրքական ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություն է, որն իբրև այդպիսին է ճանաչված նաև բազմաթիվ պետությունների կողմից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31–ին էլ Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։
ԱՄՆ-ում պղծել են հայկական խաչքարը. հայ համայնքը դժգոհություն է հայտնում