ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսելու է զոհված ու հաշմանդամ դարձած հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը։
«Շահառու ընտանիքներին թղթաբանության հարցում աջակցելու նպատակով ներգրավվել են նաև Երևանի թաղապետարանները, հանրապետության մարզպետարանները, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակը: Նշված մարմիններին, ինչպես նաև ՊՆ-ի սոցապ վարչությանն աջակցելու համար հարկավոր են կամավորներ»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է, որ կարևոր է, որ կամավորները լինեն իրավաբաններ կամ ունենան իրավական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ:
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն, այս օրենքով, պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջակցության հիմնադրամին։
Ռուսաստանից Հայաստան ևս 50 տոննա հումանիտար օգնություն է եկել
Վերջերս ընդունված որոշման համաձայն` Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 52-82 մլն դրամ։
Հատուցումը տրամադրվում է 2 եղանակով. առաջինը միանվագ վճարն է 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է, կամ առաջին կարգի հաշմանդամ է և 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս ընտանիքի համար բացված հաշվեհամարին փոխանցվում է 100-300 հազար դրամ։ Իսկ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ վճարում ենք կատարում։