ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասերի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Այս մասին լրագրողների հետ առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ամենահավանական տարբերակը, որ այսօր ՀՀ առողջապահայության նախարարության հետ քննարկում ենք, այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն, և տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- ասաց նախարարի տեղակալը:
Անդրեասյանի խոսքով՝ ինչ վերաբերում է միջին և ավագ դասարաններին, ապա առաջարկվում է գնալ տարբերակված մոտեցման:
Արցախի տարածքում կա 220 դպրոց, 60 մանկապարտեզ, որոնցից ոչ մեկը հիմա չի գործում. Բեգլարյան
«Որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, հիմնականում գյուղական և փոքր բնակավայրերում, իրավիճակային լուծում կկիրառվի: Եթե վարակի դեպքերի շեմը 10 տոկոսից ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետև կվերադառնա առկա ուսուցման: Եթե վարակի հետ կապված դեպքերը քիչ են, ապա կարող են առկա ուսումնական պրոցես սկսել»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է.
«Ամենայն հավանականությամբ միջին և ավագ դասարանների աշակերտները դասընթացները հեռավար կշարունակեն»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ բոլոր հարցերի հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում: Առաջիկայում վերջնական որոշումը պարզ կլինի:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում էր կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:
Նախատեսվածից 2 շաբաթ ավելի արձակուրդից հետո ուսումնական տարին կավարտվի մի փոքր ուշ` հունիսի 18-ին, իսկ առաջին կիսամյակը կամփոփվի հունվարի 31-ին։ Դա չի վերաբերում 12-րդ դասարանցիներին. նրանք ուսումնական տարին կամփոփեն հունիսի 4-ին։