ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու ևս 8 երկիր միացել են Լիբիայի գծով սեպտեմբերի 21-ին ԵՄ–ի սահմանած լրացուցիչ անհատական պատժամիջոցների ցանկին։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ այդ մասին գրված է ԵՄ արտաքին քաղաքականության և քաղաքական անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այսօրվա հայտարարության մեջ։
«ԵՄ խորհուրդը սեպտեմբերի 21-ին որոշել էր երկու անձանց և երեք կազմակերպությունների ավելացնել, որոնք առնչություն ունեն ՄԱԿ–ի` զենքի մատակարարման էմբարգոյի և մարդու իրավունքների խախտման հետ (Լիբիայի հետ կապված - խմբ.): Թեկնածու երկրները (ԵՄ–ին անդամակցելու – խմբ.)` Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան, Եվրոպական տնտեսական տարածքի մեջ մտնող երկրները` Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան և Հայաստանը միանում են այդ որոշմանը», – ասվում է փաստաթղթում։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս երկրները կապահովեն իրենց ազգային քաղաքականության համապատասխանությունը ԵՄ Խորհրդի որոշմանը։
Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային «զինյալների տուրիստական գործակալ» է անվանել
Սեպտեմբերի 21-ին ԵՄ խորհուրդն ընդլայնել է Լիբիայի գծով պատժամիջոցային ցանկը` դրանում ներառելով Լիբիայի երկու քաղաքացու՝ մարդու իրավունքները խախտելու, ինչպես նաև երեք օտարերկրյա կազմակերպության` ՄԱԿ–ի զենքի էմբարգոն խախտելու համար, ասվում է Խորհրդի հաղորդագրության մեջ։
Ֆիզիկական անձանց արգելվում է այցելել ԵՄ։ Պատժամիջոցներով նախատեսվում է նաև սառեցնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց գումարները։ ԵՄ–ում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գումար փոխանցել պատժամիջոցային ցանկում ներառված անձանց։
Մասնավորապես, ցանկում ներառվել է լիբիացի զինվորական Մահմուդ ալ Վերֆալին, որը Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ Լիբիայի ազգային բանակում ղեկավարում է հատուկ նշանակության զորքերի էլիտար բրիգադը։ 2017 և 2018 թվականներին Միջազգային քրեական դատարանը ալ Վերֆալին ձերբակալելու երկու օրդեր էր տվել` մեղադրելով նրան գերիների և անզեն անձանց սպանության մեջ։ Բացի այդ, պատժամիջոցային ցանկում է հայտնվել նաև Լիբիայի քաղաքացի Մուսա Դիյաբը, որին մեղադրում են Բենի Վալիդ քաղաքի մերձակայքում գտնվող ճամբարում միգրանտներին ապօրինի պահելու մեջ։ Համարվում է, որ նա կապ ունի միգրանտների նկատմամբ ոչ մարդասիրական պահվածք դրսևորելու և ճամբարից փախուստի փորձ իրականացրած անձանց սպանության հետ։
ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն` ռազմական նյութերի տեղափոխման համար ԵՄ պատժամիջոցային ցանկում է հայտնվել Ղազախստանում տեղակայված «Sigma Airlines» ավիաընկերությունը, ինչպես նաև Թուրքիայում գրանցված «Avrasya Shippin» տրանսպորտային ընկերությունը, քանի որ նրան պատկանող «Cirkin» նավը 2020 թվականի մայիսին և հունիսին նկատվել էր ռազմական բեռների մատակարարման գործում։ Բացի այդ, ԵՄ–ն իր պատժամիջոցները տարածել է Հորդանանում գրանցված «Med Wave Shipping» տրանսպորտային ընկերության նկատմամբ։ Այս ընկերության կողմից շահագործվող «Bana» նավը ևս խախտել էր Լիբիային զենք մատակարարելու էմբարգոն։
Կա՛մ կռվելու եք, կա՛մ բոլորիդ սպանելու եմ. ինչ է պատմել սիրիացի վարձկանը գերմանական ԶԼՄ-ին