ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ինչո՞ւ պատերազմը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է, որ գործոնները շատ են։
«Քանի որ ԱՄՆ-ն զբաղված է նախագահական ընտրություններով, աշխարհում կորոնավիրուսի համավարակ է, և բոլորը կռվում են այլ՝ առողջապահական ճակատում, քանի որ այսօր Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հսկայական է... Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարծում են, թե քաղաքականությունը կամ քաղաքական կամ կոնֆլիկտային իրավիճակները պետք է վերլուծել՝ հիմնվելով միայն անձնական հարաբերությունների կամ որոշակի անձանց ներդրումի վրա: Անկասկած, այս պատերազմին նախապատրաստվել են ոչ 2018 թվականից սկսած: Ակնհայտ է, որ դրան նախապատրաստվել են տարիներ շարունակ»,- ասել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով՝ եթե վերջին տարիներին Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ էր ծախսում՝ գնելու զինամթերք, հայերը կառուցում էին Ղարաբաղում, վերականգնում էին ամեն ինչ՝ գյուղեր, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն: Հայերը մշտապես եղել են հայրենասեր և կառուցող:
Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանում ազգայնական ուժեր չկան:
«Ամեն բան կախված է նրանից, թե ի՞նչ նկատի ունեք ազգայնական ուժ և ազգայնականություն ասելով: Կարծում եմ՝ դա պետք է սահմանել հետևյալ կերպ՝ կա հայրենասիրության գաղափար, երբ մարդը սիրում է իր հայրենիքը, պատրաստ է անել հնարավոր ամեն բան երկրի ապագայի համար՝ տնտեսական, քաղաքական ու ռազմական տեսանկյունից: Հայերը, ոչ միայն Ղարաբաղում, այլև ողջ աշխարհում, հայրենասերներ են: Ազգայնականությունը հայրենասիրության ինչ-որ մուտացված տարբերակն է, երբ կա հայրենասիրություն առանց սթափ բանականության, տրամաբանության ու մարդկային արժեքների: Վստահ եմ, որ Հայաստանում այդպիսի ազգայնականություն չկա: Հակառակը, հայերը հայրենասերներ են»,- շեշտել է նախագահը:
Նա նշել է, որ այս խնդրի արմատները տանում են 1920-ական թվականներ, քանի որ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարության որոշմամբ Ղարաբաղը տրվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը: Սարգսյանի խոսքով՝ այն ժամանակ հնարավոր էր հարցը կարգավորել, սակայն անցած 70 տարում ոչինչ չարվեց: Ադրբեջանն ուներ ավելի քան 70 տարի, որպեսզի ստեղծեր անհրաժեշտ պայմաններ Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունն ապահովելու համար: 1920 թվականին Ղարաբաղում բնակվում էր 300-350 հազար մարդ, որի 90-95 տոկոսը հայեր էին: 1990 թվականին արդեն այնտեղ բնակվում էր 150 հազար մարդ՝ 75 տոկոս հայերով: Մարդիկ հեռանում էին այնտեղից, քանի որ չկային պայմաններ՝ հայկական դպրոցները չէին գործում, երիտասարդներն իրենց կյանքն ու գործունեությունը զարգացնելու հնարավորություն չունեին, ուստի մարդիկ հեռանում էին:
1988-ից հետո սկսվեցին իրադարձություններ, որոնք դարձան Բաքվի նպատակների բաց ինդիկատորները՝ տեղի էին ունենում հայերի զանգվածային էթնիկ զտումներ, ինչպես՝ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում: Խոսքը ավելի քան կես մլն հայ փախստականների մասին է, ովքեր լքեցին Ադրբեջանը, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմ սկսվեց:
«Այսօրվա իրադարձությունները, այդ թվում՝ Բաքվի զանգվածային հարվածները Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտներին հերթական անգամ ապացուցում են հենց այս փաստը»,- ասել է Սարգսյանը:
Նախագահը նշել է՝ եթե Խորհրդային Միության ղեկավարությունը 1920-ականների սկզբին նման որոշում չընդուներ, նման խնդիր չէր լինի: Եթե ԽՄ ղեկավարությունը 1960-70-80-ականներից հետո ունենար ամուր քաղաքական կամք, կկարողանար խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ Խորհրդային Միության ներսում: Սակայն դա տեղի չունեցավ պարզ պատճառով՝ ԽՄ ղեկավարությունն այդքան ուժեղ կամ նպատակաուղղված չէր, որպեսզի ներքին խնդիրները կարգավորեր, և ամեն բան թողեց ապագային: