ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Շուշիի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերը կասեցվել են։ Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Արցախի ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
Նա հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերն Արցախի նկատմամբ կրկին կիրառել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը:
«Գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում՝ հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են. հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյունները և խոցվել՝ այդպիսով հակառակորդի առաջխաղացման փորձը կասեցվել է: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում»,–ասել է Սարումյանը:
75 զրահատեխնիկա, 249 ԱԹՍ... թշնամու կորուստներն ավելանում են
Նրա խոսքով` հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում, բայց այդ սարքերը ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 2-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը