ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ընթացքում հակառակորդը ջախջախվել է: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ արցախա-ադրբեջանական ճակատային այդ գծի ուղղությամբ մարտերի ժամանակ վիրավորում է ստացել մեկ զինծառայող և շուտափույթ ապաքինում է մաղթել նրան:
Արցախի պաշտպանության նախարարությունը առավոտյան տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, կիրառում է նաև ռազմական ավիացիա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 2-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը