ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողների բուժմամբ զբաղվող հիվանդանոցների կարիքները կբավարարվեն «կենտրոնացված ձևով»։
«Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով»,- նշված է ԱՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հաջորդիվ նախարարությունը մանրամասնում է. «կենտրոնացված» նշանակում է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է կարիքը ներկայացվի նախարարություն։ Եթե անհրաժեշտ պարագան (սարքավորում, դեղորայք և այլն) ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» պահեստում կա, ապա անմիջապես կտրամադրվի։ Եթե չկա, ապա օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մատակարարվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին