ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններ։ ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տեղում նրանք ծանոթացել են վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքին։
«Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել ծառայությունների կազմակերպմանը և համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները։ Այնուհետև Արսեն Թորոսյանը եղել է Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ ծավալված են և՛ վիրավորների, և՛ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բաժանմունքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՆ հաղորդմամբ՝ որոշում է կայացվել մեծացնել Մարտունու ԲԿ-ի կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունքը։
Նախարարը եղել է նաև Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինհրապարակում։ Թեպետ պատերազմական իրավիճակ է, սակայն շինարարությունը չի դադարել։
Որոշում է կայացվել Գավառի բժշկական կենտրոնում բացել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունք. ինտենսիվ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Սևանի բժշկական կենտրոնում նման բաժանմունք կա, սակայն խնդիր է դրվել մեծացնել հագեցվածությունը՝ ավելի մեծ թվով հիվանդների սպասարկելու համար։
Հոգևորականների շրջանում նաև վիրավոր ու անհետ կորած կա. Տեր Վահրամ քահանա
Նախարարը շնորհակալություն է հայտնել զինվորներին՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու և բուժանձնակազմերին՝ թիկունքում պայքարելու և կյանքեր փրկելու համար։