ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին անդրադարձավ արտերկրում բնակվող հայերի նկատմամբ թուրքերի ու ադրբեջանցիների վերջին հարձակումներին։
«Ուզում եմ դիմել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին և կոչ անել լինել հնարավորինս զգույշ լինել և չտրվել թուրք–ադրբեջանական որևէ սադրանքի, չդիմել գործողությունների, որոնք կարող են բերել բախումների»,– ասաց նա։
Մարուքյանը նշեց, որ նման գործողություները կարող են հանգեցնել լուրջ բախումների, անգամ այն տարածքներում, որտեղ մինչև այսօր հայերը, թուրքերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրել են կողք կողքի։
«Ընդհանրապես չի կարելի կոնֆլիկտը տեղափոխել այլ վայրեր։ Այո, մենք պատերազմի մեջ ենք, բայց այդ պատերազմն ընթանում է ռազմաճակատում, ու չենք կարող վտանգել արտերկրում հայության խաղաղ կենսակերպը»,– ասաց Մարուքյանը` հիշեցնելով, որ նույն իրավիճակը արդեն եղել է հուլիսին և հազիվ է զսպվել տեղի իշխանությունների կողմից։
Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած ակցիայի ընթացքում մի քանի թուրքեր մուրճերով, մահակներով և դանակներով հարձակվել էին հայերի վրա։ Թուրքերի հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է 10 հայ, որոնց թվում կին և երեխա կա։
Ֆրանսիայում և Ավստրիայում թուրքական դրոշներով հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ երեկոյան փողոց են դուրս եկել ու հայերի փնտրել։ Նմանատիպ իրավիճակ է եղել նաև Լիոնում, որտեղ շատ հայեր են ապրում: Այնտեղ թուրքերը և ադրբեջանցիները դուրս են եկել փողոց` սպառնալիքներ հնչեցնելով հայերի հասցեին: