ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պեկ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը։
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյա»,– ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ։
Փաստաբաններն իրենց գոհունակությունն են հայտնում` նշելով, որ այս անգամ արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։
Այդուհանդերձ, նրանք նշում են, որ Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ իրենք այս փուլում ձեռնպահ են մնում հավելյալ մեկնաբանություններից` պայմանավորված ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև թշնամու կողմից իրավական վեճերի հնարավոր տարընթերցման ու ոչ հօգուտ Հայաստանի միջազգային հեղինակության ներկայացման ռիսկերով։
Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար: Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Խաչատրյանը կալանավորվել էր 2019 թվականի օգոստոսի 30–ին։