ԵՐԵՎԱՆ 29 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրի «Ալաշկերտ» -«Փյունիկ» խաղին փյունիկցիները խաղադաշտ դուրս եկան հատուկ մարզաշապիկներով, որոնց թիկունքին գրված էր Artsakh Strong: Ինչպես պարզվեց, դա Արցախին աջակցելու ակումբի առաջին քայլն էր։ Խաղի ավարտից հետո «Փյունիկի» բոլոր ֆուտբոլիստների մարզաշապիկները հայտնվեցին վաճառքում։ Գումարը փոխանցվելու է «Հայաստան» հիմնադրամին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 27–ին Արաս Օզբիլիսի մարզաշապիկը աճուրդում վաճառվեց 1025 ամերիկյան դոլարով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Օզբիլիսն ասում է, որ մեր երկրի համար այս դժվարին օրերին միասնականությունն ամենակարևորն է և մենք` յուրաքանչյուրս մեր ոլորտում, պետք է անենք առավելագույնը։
«Ուրախ եմ, որ կարողացա իմ ներդրումն ունենալ այս կարևոր գործում։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան։ Առաջին իսկ օրվանից ամբողջ հայությունը կենտրոնացել է մի բանի վրա` օգնել Արցախին հաղթահարել այս դժվար օրերը։ Մենք պետք է շարունակենք անել դա»,–ասաց ֆուտբոլիստը` ընդգծելով, որ միասին մենք շատ ուժեղ ենք։
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Հայտնի ֆուտբոլիստն առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում բարեգործությամբ։ 2020 թվականի սեպտեմբերին Երևանի Ավան համայնքում բացվեց խաղադաշտ, որը կառուցվել էր Օզբիլիսի կողմից հատկացված միջոցներով։
Իսկ «Փյունիկի» մյուս ֆուտբոլիստների մարզաշապիկները դեռևս վաճառքում են։