ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա հեռավար նիստում արդեն հաստատել ու ԱԺ վավերացմանն է ներկայացրել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծը:
Հարցն այս պահին քննարկվում է խորհրդարանում:
«Այսպիսով մենք վերահաստատելու ենք մեր հանձնառությունը օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների հարցերով ՄԱԿ-ի մի շարք բանաձևերի և ԵԱՀԿ նախարարների խորհրդի մի շարք որոշումների իրականացման ուղղությամբ»,- հարցի զեկուցման ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: Իսկ որ շատ ավելի կարևոր է՝ կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանն այն կարող է օգտագործել Ադրբեջանի դեմ, որն, ի դեպ, դրան միացել է դեռ 1997թ-ից, ինչպես նաև Թուրքիայի դեմ։ Վերջինս թեև չի վավերացրել կոնվենցիան, բայց հանդիսանում է Ադրբեջանի հանցակից կողմ, որը փաստացի մասնակցում է վարձկանների հավաքագրմանը, ֆինանսավորմանը, ուսուցանմանը, Ադրբեջան ուղարկելուն և Արցախի դեմ օգտագործելուն:
Միջազգային կոնվենցիան նաև մոնիթորինգի մեխանիզմ է ենթադրում:
«Դա հատուկ աշխատանքային խումբ է, որը կոչված է մշտադիտարելու վարձկանության հետ կապված բոլոր դրսևորումները, կատարելու հատուկ այցելություններ երկրներ, ուսումնասիրելու առանձին դոսյեներ, քեյսեր, ՄԱԿ-ում ու այլ մարմիններում հանդես գալու տարեկան ու հատուկ զեկույցներով: Սակայն նշենք, որ այս զեկույցները հիմնականում խորհրդատվական բնույթի են»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը
Արդարադատության փոխնախարարը նաև հայտնեց, որ կոնվենցիան նախատեսում է արտահանձնման կամ վերադարձի մեխանիզմներ: Այս հարցում, նրա խոսքով, Հայաստանը վերապահում է արել այն դեպքերի համար, երբ իր քաղաքացիները այլ երկրների կողմից կարող են ներկայացվել որպես վարձկաններ: Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ դա արվել է այն մտավախությամբ, որ արտահանձնումը որևէ այլ երկրի կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիների մահապատժի կամ խոշտանգման ենթարկելուն:
Աշխարհազորը Հայաստանում կգործի ՏԻՄ ղեկավարների տեղակալների հրամանատարությամբ
Նշենք, որ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան ընդունվել է 1989թ. դեկտեմբերի 4-ին: Ներկա պահին կոնվենցիային միացել է 36 պետություն: