ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես upwork.com, toptal.com, freelancer.com, այնպես էլ մասնավոր ծառայություններ առաջարկող այլ հարթակներում հայտարարություններ են տարածվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում իբր զբոսաշրջության նպատակով նկարահանումներ իրականացնելու և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելու մասին։
Ընդ որում, դրանք տեղադրվում են հայաստանյան բջջային հեռախոսահամարների քարտերից ու սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջերից և ներկայացվում են որպես վճարովի աշխատանք։
ՀՀ ԱԱԾ–ն ուսումնասիրել է հիշյալ հայտարարություններն ու պարզել, որ դրանցում ակնհայտ է ադրբեջանական հետքը։
Ըստ ԱԱԾ–ի նկարահանված նյութերը օգտագործվում են «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապատեղեկատվություն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու» նպատակով:
ԱԱԾ–ն հորդորում է զերծ մնալ խուճապ պարունակող հրապարակումներից
Այս հանգամանքից ելնելով` ԱԱԾ–ն կոչ է անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար համապատասխան վարձավճարի դիմաց նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի և Արցախի անվտանգությանը վնասող գործողությունների համար: