ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայում հայկական համայնքը միշտ է ճնշման տակ, բայց այս օրերին այդ ճնշումները սրվել են` կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագոզյանը։
«Ամեն անգամ նման իրավիճակում Թուրքիայում ապրող փոքրամասնությունները` հատկապես հայերը, վախի մթնոլորտում են հայտնվում, հատկապես երբ Հայաստանի հետ կապված հարց է լինում։ Այս օրերին հայ համայնքի վրա հարձակումները չեմ բացառում»,–ասաց Լոքմագոզյանը։
Նրա խոսքով` Թուրքիայում հայերն այժմ շատ զգուշավոր են դարձել։
Նշենք, որ այսօր Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանն ասել էր, որ Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին:
Փայլանն ընդգծել էր, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ստեղծել է «ատելության սովորական մթնոլորտ»:
«Այսպիսի մթնոլորտում մենք կորցրեցինք Հրանտ Դինքին: Միայն խաղաղության մթնոլորտն ու ժողովրդավարական Թուրքիան կարող են ապահովել իմ անվտանգությունը, հակառակ դեպքում` մեզանից ոչ ոք ապահով չէ»,–ասել էր նա:
Նշենք, որ տարբեր աղբյուրների համաձայն` Թուրքիայում այսօր մոտ 60-80.000 հայ է ապրում։
Ստամբուլի հայկական թաղամասերում սեպտեմբերի 27–ից հետո Ադրբեջանի դրոշներով ավտոերթ տեղի ունեցավ, իսկ որոշ պաշտոնական հայկական կայքեր արգելափակվեցին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը