ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ վաղը` հոկտեմբերի 21-ին նախատեսվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնել։
Մասնավորապես, կներկայացվեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ու «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Ռազմական դրության ժամանակ հարկային արտոնությունների մասին նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նպատակը ռազմական դրության ժամանակ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով հարկային արտոնություն սահմանելն է:
Ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից ՀՀ են ներմուծվում մեծ քանակությամբ ապրանքներ, որոնք հետագայում անհատույց հանձնվում են Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և (կամ) Առողջապահության նախարարությանը:
Խնդիրն այն է, որ գործող հարկային օրենսդրության համաձայն՝ անկախ հետագայում ապրանքները անհատույց պետությանը հանձնելու հանգամանքից, հարկ վճարողների կողմից ապրանքների ներմուծումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ որոշ ապրանքների դեպքում՝ նաև ակցիզային հարկով և (կամ) բնապահպանական հարկով։ Իսկ սա արդեն իսկ լրացուցիչ բեռ է ներմուծող անձանց համար: ԵՏՄ անդամ պետությունները կազատվեն վերոհիշյալ հարկերից։
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: