ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղին բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն էլ երկրում իշխանություն է ընտրել: Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ ինչ գնահատական էլ որ հնչեցնի ադրբեջանական քարոզչությունը, իրողություններ գոյություն ունեն և բոլորը գիտեն, որ Ղարաբաղն ունի իր խոսքը։
«Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ չէ, չի նշանակում, որ մենք չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց, եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և աջ ու ձախ հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր փոխհարաբերություններում առկա իրողությունները։ Մենք չենք կարող Ղարաբաղին հրամաններ տալ, բայց կարող ենք աշխատել միասին։ Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության ինչ-որ բան լուծել, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել և դա դնել բանակցությունների սեղանին»,-շեշտել է Մնացականյանը:
Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը մշտապես փորձում է ստեղծված իրավիճակը ներկայացնել որպես «հայ-ադրբեջանական» հակամարտություն, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են։
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը`արտգործնախարարը շեշտել է, որ այդ քայլը կդառնա երկրի անվտանգության ապահովման կարևոր միջոց:
«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, մեր պատկերացմամբ, առաջին հերթին անվտանգության տևական, կայուն ու ամուր ապահովումն է, այնտեղ ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովումը: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք շատ բարդ իրավիճակում ենք, երբ Ադրբեջանը փաստացի գնում է հակամարտության ռազմական լուծման ճանապարհով, երբ նրանք փաստացի ոչ միայն ուժի կիրառման սպառնալիք են գործի դրել, այլ նաև հենց ուժ են կիրառել և մեծ հարված հասցրել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին»,- նշել է նախարարը:
Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում բանակցային ձևաչափի անփոփոխելիության վերաբերյալ պայմանավորվածության ձեռք բերումը Զոհրաբ Մնացականյանը համարել է Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան