ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի –Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Վալենտինա Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական ու միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ:
Նշենք, որ այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության և մոսկովյան պայմանավորվածության չպահպանման խնդիրը։
Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել ասուլիսով։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։