ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է պահպանել կամավորագրված ու զինվորակոչված անձանց աշխատատեղերն ու աշխատավարձերը:
Համապատասխան փոփոխությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքում ներկայացվեց այսօր ԱԺ արտահերթ նիստում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, նախագիծը ներկայացնելիս ասաց, որ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ-ում սեպտեմբերի 27-ից հաստատված ռազմական դրության ռեժիմի պայմաններում:
«Այսօրվա գործող օրենսգիրքը կարգավորում է պարտադիր զինծառայության հետ կապված դեպքերը՝ սահմանելով, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է։ Բայց ինչ վերաբերում է զորահավաքներին, ռազմական դրության դեպքում հայտարարվաող զորակոչին ու այլ դեպքերին, դրանք օրենսգիրքը չի կարգավորում»,- ասաց Տիգրանյանը:
Առաջարկվող կարգավորման նպատակը, նրա խոսքով, հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող անձանց աշխատանքային հարաբերություններում որոշակի երաշխիքներ նախատեսելն է:
Հակառակորդի զոհերի թիվը հասել է 4369-ի. նոր տվյալներ
Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ
• զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը (պաշտոնը).
• գործատուի կողմից աշխատողի վարձատրությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: Այս պարագայում հարկ է նկատի ունենալ, որ առաջարկվող կարգավորումը նշված ժամանակահատվածում հավելյալ վարձատրություն նախատեսող դրույթ է, քանի որ այն վերաբերում է այն դեպքերին, երբ աշխատողի համար վարձատրություն օրենքով արդեն իսկ նախատեսված է, սակայն ոչ գործատուի կողմից.
• ռազմական դրություն հայտարարված լինելու դեպքում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` օբյեկտիվ անհրաժեշտություն կարող է լինել նշված մարմինների եւ կազմակերպությունների` արձակուրդում գտնվող աշխատողներին արձակուրդից հետ կանչելը: Ուստի այս դեպքում արձակուրդից հետ կանչելու համար աշխատողի համաձայնությունը չի պահանջվելու:
Ընդ որում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակում երկրի առջեւ ծառացող հնարավոր ֆինանսական դժվարությունները, առաջարկվում է նաեւ նախատեսել, որ վերոնշյալ դեպքում արձակուրդից հետ կանչված աշխատողին հետագայում արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրելու դեպքում այդ օրերի համար վճարում չի իրականացվում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հայաստանի Հանրանպետությունում ու Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։
Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք