ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվում է ռազմական դրություն։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության կայք էջում։ Որոշման մեջ ասված է, ռազմական դրությունն ընդունվում է`հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսվել են ռազմական գործողություններ, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառում, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը։
«Հիմք է ընդունվել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Նաև
հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու»,–ասված է որոշման մեջ։
Ռազմական դրությունը հայտարարվում է նաև, որ ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծվի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխվի, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու համար։
- ՀՀ ԶՈւ–ն, այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմինների ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի։
- Հայտարարվում է մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ։
- Ռազմական դրության ժամանակ արգելվում են հանրահավաքների, գործադուլների կազմակերպումն ու անցկացումը։
- Ապահովվում է ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության։
- Մարտական գործողությունների, պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումները, այդ թվում սոցիալական ցանցերում և ինտերնետային կայքերում, կատարվում են բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությամբ։
Հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստներ. Փաշինյան
Որոշմամբ սահմանել է նաև ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:
Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։
Խաղաղ բնակավայրերի հրետակոծումը վկայում է, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր ագրեսիային
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես: