ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանի ԱԳՆ–ն խորհրդակցությունների համար Աթենք է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Բաքվի այն հայտարարություններից հետո, թե Հունաստանն իբր հանդուրժողականություն է դրսևորում «ԼՂՀ հակամարտությանը մասնակցելու համար հայկական կողմից զինյալ–ահաբեկիչների հավաքագրման փորձերի» նկատմամբ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ`այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանի կառավարության բոլորովին անհիմ և սադրիչ պնդումներից հետո, թե իբրև Հունաստանը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական ակտերի, զինյալ–ահաբեկիչների հավաքագրման փորձերի և Ադրբեջանի դեմ Հունաստանի տարածքից կիբեռհարձակումների նկատմամբ ԼՂՀ բախումների շրջանակում, ԱԳՆ–ն բողոք է ներկայացրել Ադրբեջանի դեսպանին։ Որպես դեմարշի շարունակություն արտգործնախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսը խորհրդակցությունների համար կանչվել է Աթենք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Աթենքում անցկացված բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծվոծ իրավիճակը։ Նրանք կրակը դադարեցնելու կոչ են արել, ինչպես նաև արտահայտվել դրանք դրսից հրահրող միջամտության անհապաղ դադարեցման օգտին։