ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին` ժամը 13:00-ին:
Դատավոր Աննա Դանիբեկյանը, բացելով նիստը, հայտնեց, որ նիստը հետաձգելու միջնորդություն է ստացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանից:
«Սեյրան Օհանյանը դեռ Արցախում է և չի կարող վերադառնալ ու մասնակցել նիստին: Փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալի բացակայությունը հարգելի համարել և հետաձգել նիստը»,–ասաց նա:
Իր պաշտպանյալի բացակայությունը հարգելի համարելու միջնորդություն է ներկայացրել նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը:
Նիստին ներկա էր միայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, որը ևս միջնորդեց նիստը հոկտեմբերի 27-ին կամ ավելի ուշ նշանակելու մասին:
Նշենք, որ Արցախում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը։ Սեպտեմբերի 29–ին Արցախ էր մեկնել նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երեկ` հոկտեմբերի 5-ին, հայտնի դարձավ, որ Քոչարյանն Արցախից վերադարձել է Հայաստան։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Քոչարյանի վերադարձի նպատակը ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումն է։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։