ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում հերոսական դրվագ է ներկայացրել Արցախում ընթացող մարտերից։
«Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈւ-25 ինքնաթիռ»,–գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։