ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՀՀ կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում Հայաստան-Արցախ տրանսպորտային փոխադրումների կարգում:
Նոր սահմանափակումները գործելու են հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից:
Ինչպես տեղակցնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա:
ՀՀ-ից ելքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝
• Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:
Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն. Վրաստանում մեկնաբանել են ռազմական տարանցման արգելքը
• Իրավաբանական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն:
• Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ press@gov.am էլ փոստի հասցեով:
• ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների դեպքում՝ protocol@mfa.am էլ․ փոստի հասցեով:
• Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ media@mfa.am էլ․ փոստի հասցեով:
ՀՀ կառավարությունը հորդորում է նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:
Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։
Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը:
եռախոսոահամարին կարելի է զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։
Արտերկրից տեղեկատվական շտաբի թեժ գծին կարելի է միանալ (+374)10527000 հեռախոսահամարով։