ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Վիեննայում, երեկ` սեպտեմբերի 29-ի երեկոյան ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն, ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մասնակից պետությունների դեսպաններին տեղեկացրել է հակամարտության գոտում իրավիճակի և վերջին զարգացումների մասին։
Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնած լայնածավալ հարձակումների մասին, Արցախի բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։
Դեսպան Պապիկյանը նաև ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ հարձակումների, Վարդենիսի գյուղերի և բնակավայրերի, ինչպես նաև հենց Վարդենիս քաղաքի հրետակոծության և ռմբակոծության մասին, ինչի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի։
Հայաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Թուրքիայի ներագրավվածությանը` նշելով, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել իր մտահոգությունները Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակառուցողական քաղաքականության և ռազմատենչ մոտեցումների կապակցությամբ։
Սիրիայից 1500-2000 դոլարով վարձկաններ են բերում Ադրբեջան. ՄԻՊ–ի հայտարարությունը
Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն էր հրավիրել նաև հուլիսյան մարտերից անմիջապես հետո անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ հազարավոր զինվորների, հարյուրավոր զրահատեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի, ներառյալ՝ ԱԹՍ-ների, ներգրավմամբ։ Պապիկյանը շեշտել է, որ հայկական կողմը մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ զորավարժությունների ավարտից հետո թուրքական զինծառայողները և ռազմական տեխնիկան մնացել են Ադրբեջանում։
Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Սիրիայից՝ Ադրբեջանում կռվելու նպատակով վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու փաստին։
Նա նաև տեղեկացրել է թուրքական ռազմական F-16 կործանիչի կողմից Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 ռազմական օդանավը Հայաստանի տարածքում թիրախավորելու մասին՝ արդյունքում լարվածությունն էլ ավելի բարձր գալարի հասցնելով։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր բացառիկ քաղաքական և ռազմական ազդեցությունը տարածելու նպատակով։
Դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զինվորականներին Ադրբեջանից և միջազգային հանրությանը կոչ է արել վերանայել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թուրքիային իր ապակառուցողական քաղաքականությունից հետ պահելու համար։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը համանախագահների մանդատին ու գործունեությանը և կարևորել այս փուլում համանախագահների տարածաշրջան այցելությունը։ Նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցել համանախագահների տարածաշրջան այցի կազմակերպման հարցում։
Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը շեշտել է, որ ուժի կիրառմամբ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու փորձերը տապալվել են 1990-ականներին, 2016թ. ապրիլին, 2020թ․ հուլիսին և տապալվելու են այսօր։ Հայաստանը համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և բազում այլ երկրների ներկայացուցիչների հետ, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Ադրբեջանցիներն ավիառումբերով հարվածում են Մարտակերտին. 3 խաղաղ բնակիչ է զոհվել
Հետևաբար, թե՛ Մինսկի խմբի համանախագահները և թե՛ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է կոչ անեն այն երկրներին, որոնք սանձազերծել են այս հակամարտությունը, անհապաղ վերականգնել հրադադարը և քաղաքական կամք դրսևորել՝ վերադառնալով խնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։ «Տարածաշրջանի ժողովուրդները շատ թանկ են վճարում Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի այս ռազմական արկածախնդրության համար»,–ասել է նա։