Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ
Sputnik Արմենիա
Մարտունի քաղաքում մի կին է զոհվել, մի 9–ամյա աղջնակ, կան նաև վիրավորներ, վնասվել է շուրջ 15 տուն... Սակայն սա դեռ ամբողջը չէ։ 28.09.2020, Sputnik Արմենիա
Մարտունի քաղաքում մի կին է զոհվել, մի 9–ամյա աղջնակ, կան նաև վիրավորներ, վնասվել է շուրջ 15 տուն... Սակայն սա դեռ ամբողջը չէ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունի քաղաքը վերջին երկու օրում ադրբեջանական հրետակոծությունների թիրախ է դարձել, կան զոհեր և տուժածներ, ավերվել են տներ։ Sputnik Արմենիայի թղթակիցները դեպքի վայրից հաղորդում են իրավիճակի մասին։
Մարտունիում ժամանակավորապես լույս չկա. կրակոցների հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու տեղի ենթակայանը։ Այժմ վնասը վերացնելու ուղղությամբ էլեկտրիկներ են աշխատում։ Քաղաքում գազ էլ չկա. մի քանի խողովակ վնասվել է, գազամատակարարումը դադարեցրել են անվտանգության նկատառումներով։
Քաղաքն արդեն երկրորդ օրն է` հրետակոծվում է Դ-30 թնդանոթներով և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ Ժամանակ առ ժամանակ հնչում է տագնապի ազդանշանը, փողոցները մարդաշատ չեն։
Նախկին զինվորական և Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ թնդանոթներից և «Գրադից» բացի ադրբեջանցիները կրակում են նաև այլ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, որոնք իրեն ծանոթ չեն։
Նրա հետ միասին այցելեցինք ենթակայան։ Շրջակայքում ուրիշ շինություն չկա։ Ադրբեջանցիները հարվածն ուղղել են հենց էլեկտրակայանի շենքին` որպես ռազմավարական օբյեկտ։ Փորձել են վերանորոգել, սակայն ադրբեջանցիները նորից են հարվածել շենքին ու նորից վնասել այն։
Տարածքում ապակու բազմաթիվ բեկորներ կան։ Կողքին ավտոբուս է կանգնած։ Հենց դրանով է երեխայի հայրը վիրավոր աղջնակին հիվանդանոց հասցրել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Արկի պայթյունից վնասվածքներ են ստացել հարևաններից 3–ը, մյուսները հասցրել են պատսպարվել նկուղներում ու ապաստարաններում։ Ընդհանուր առմամբ, շրջակայքում 13-14 տուն է վնասվել, դրանց մեծ մասում այլևս հնարավոր չէ ապրել։ Արկեր են պայթել նաև բակերում` ջարդուփշուր արել տանիքներն ու ծառերը։
72–ամյա Մավրիկ Գրիգորյանը պայթյունի պահին նկուղում է եղել։ «Գրադի» արկը տանիքին հարվածել է առավոտյան 7-ի սահմաններում։ Նկուղից դուրս է եկել, երբ արդեն ամեն ինչ հանդարտված է եղել։
Պայթյունի պահին քնած է եղել։ Լուսամուտի ապակիները փշրվել ու թափվել են վրան, բայց հրաշքով վնասվածքներ չի ստացել։ Բակում ընկած արկի բեկորները հասել են նաև շրջակայքի երեք տների։
Դրանցից մեկի բակում սատկած հավեր են թափված այս ու այն կողմ։
Նկարահանումների ողջ ընթացքում քաղաքի վրա անօդաչու սարք էր պտտվում, ինչ–որ մի տեղ` մերձակայքում, լսվում էին հրետակոծության ձայները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել:
Что происходит в карабахском Мартуни после обстрелов из "Града"
Что происходит в карабахском Мартуни после обстрелов из "Града"