ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել:
«Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ»,- ասել է նա:
Ավելի վաղ Բեգլարյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Բերձորը, Քարվաճառը և այլն, այսինքն` բոլոր շրջկենտրոնները։
Խաղաղ բնակչության շրջանում այս պահին հաստատված է 2 զոհ, 30-ից ավելի վիրավոր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը