ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում իրավիճակի սրման հետ կապված զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:
Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները:
Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը