ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ-ի արտահերթ նիստի իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ինքը պատրաստ է զոհվելու:
«Այո, բոլորս պատրաստ ենք զոհվելու, բայց նախ պիտի զոհենք, պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին: Մենք պիտի ապրենք ու լուծենք այս հարցը և չթողնենք մեր երեխաներին»,- ասաց Մարուքյանը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև դիվանագիտական ճամբարում տարվող աշխատանքներին՝ վարչապետին հուշելով, որ աշխարհն այլևս նախկինը չէ:
Իրանի ԱԳՆ-ն մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
Նրա դիտարկմամբ՝ «մենք ապրում ենք ուժեղների աշխարհում», որտեղ բոլորը սպասում են, թե ով ուժեղ կգտնվի ու հաղթած դուրս կգա այս պատերազմից:
«Առավոտը ժամը ութից եկել ենք ու շարունակում ենք նամակներ գրել: Ապրիլյան պատերազմին էլ ենք գրել, հուլիսին էլ ենք գրել, մեր՝ գլուխները կտրված զինվորների նկարներն ենք ուղարկել՝ այն ժամանակ, հիմա: Բայց աշխարհը փոխվել է: Սա այլևս այն հին, մարդու իրավունքների աշխարհը չի: Ուրիշ աշխարհ է: Ու մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք: Եվ այս առումով որևէ մեկը չի կարող մեզ դատապարտել»,- ասաց Մարուքյանը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իր եույթում դիմեց ՀՀ վարչապետին՝ որպես ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարի՝ հորորելով հրաման տալ առաջ գնալու ու վերջնականապես լուծելու մեզ ցեղասպանության ենթարկած ու դարձյալ նույն ուղով ընթացող թշնամուն:
«Մենք արդեն 30 տարի ամենօրյա ռեժիմով արնաքամ ենք լինում: Ավելի լավ է մեկ անգամ արնաքամ լինենք, բայց այս հարցը վերջնական լուծենք»,- ասաց Մարուքյանը:
Ընդդիմադիր գործիչը նաև կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև վերանայել ՀՀ պետական բյուջեն ու ամեն հնարավորուուն ներդնել հանուն հաղթանակի:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: