ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Մարտունու շրջանում զոհվածները տատ ու թոռ են. թոռնիկն 9 տարեկան աղջիկ էր։ Տեղեկությունը այսօր կայացած ճեպազրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա տեղեկացրեց, որ այս պահին հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գոտու երկայնքով։ Պողոսյանը հերքեց ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, թե Ադրբեջանի ԶՈՒ–ին հաջողվել է մի քանի բնակավայր գրավել։
«Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,– հայտարարեց Պողոսյանը։
Արցախի Հանրապետության նախագահի վերահսկողությամբ իրականացվում են բոլոր աշխատանքները` թե՛ քաղաքացիական բնակչության հետ կապված, թե՛ տնտեսության և թե՛ ռազմական գործողությունների մասով։
«Իրավիճակը վերահսկելի է», – վստահեցրեց Պողոսյանը` հավելելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որ այս իրավիճակը պատվով հաղթահարեն։ Նրա խոսքով` ժողովրդի շրջանում խուճապ չկա, թեպետ հիմնականում բոլորն այս պահին ապաստարաններում են, քանի որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանն ու դա անում է «ամենայն լկտիությամբ»։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են: