ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում: Տեղեկությունը Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Նախարարն ընդգծել է, որ Իրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին:
«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները և սկսել երկխոսություն՝ տարաձայնությունները վերացնելու համար: Մեր հարևաններն առաջնային են մեզ համար, և մենք պատրաստ ենք բանակցությունների լավ հարթակ ապահովել: Մեր տարածաշրջանն այժմ խաղաղության կարիք ունի», - ասել է Զարիֆը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։