ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ԱԻՆ նախարարի տեղակալ: Այսօր նախարար Ֆելիքս Ցոլակյանն ինձ ներկայացրեց ԱԻՆ աշխատակազմին և ենթակա կառույցներին»,- Facebook-ի իր էջում գրել է Փամբուխչյանն ու վստահություն հայտնել, որ գործընկերային և առողջ մթնոլորտում կկարողանան լուծել այս կարևոր գերատեսչության առջև ծառացած բոլոր խնդիրները:
«Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը...»,- եզրափակել է Փամբուխչյանը։
Հիշեցնենք` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, որի մասին հայտնել էր Facebook-ում կատարած գրառմամբ։
ԶԼՄ–ները գրում են, որ Փաշինյանը որոշել է նրան պատրաստել ԱԻ նախարարի պաշտոնի համար, քանի որ 2 տարուց լրանում է Ֆելիքս Ցոլակյանի 70-ամյակը, և նա, թերևս, թոշակի կանցնի:
Նշենք՝ Փամբուխչյանը 2018-ի հունիսի 6-ի հրամանով Փաշինյանի հրամանով նշանակվել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։ Կարճ ժամանակ անց` 2019-ի հունվարի 14-ին, նա ազատվեց պաշտոնից պատգամավորական մանդատ ստանալու համար։