ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչները` գյուղապետի գլխավորությամբ, հարձակվել ու ծեծի են ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ միջադեպի պահին «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները Ծովագյուղի գազի բաշխման կայանում և հարակից տարածքում աշխատանքներ են իրականացրել` ուղղված գազի համակարգում առկա կորուստների նվազեցմանը։
Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և սպառնացել ընկերության աշխատակցին:
Բացի այդ, գյուղացիները հայհոյել ու քաշքշել են ոչ միայն ընկերության աշխատակիցներին, այլև կանչով դեպքի վայր ժամանած ոստիկաններին։ Նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը ոստիկանության ծառայողները կանխել են:
Հոր և որդու դանակահարության համար 21-ամյա սևանցուն մեղադրանք է առաջադրվել
Բացի այդ, ծովագյուղցիները կոտրել են «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի հետևի հողմապակին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանի մտերիմներից մեկին. նոր փաստեր
Քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: