ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղեկացնում է, որ հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու մրցույթին դիմած թեկնածուների անունները։
Ըստ այդմ, հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 13 անձի կողմից է դիմում ստացվել։ Ներկայացված թեկնածուներն են.
- Վարդան Ալեքսանյան – 2015-2019թթ․«Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր,
- Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր,
- Վազգեն Ավետյան – 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական,
- Հովհաննես Թովմասյան – 2018 թ․-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար,
- Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող,
- Ռուդիկ Տեր-Գալստյան - «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր,
- Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն,
- Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար,
- Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար,
- Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր,
- Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր,
- Նունե Էլմասյան – 2000 թ-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր,
- Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ.․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:
Համաձայն մրցույթի կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հեռուստաընկերության տնօրենի պաշտոնին հավակնում է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, որի անունը ներառված է վերոհիշյալ ցանկում։
Ո՞վ է ի վերջո արտահոսքի հեղինակը. մեղադրվող հեռուստաընկերությունները հերքում են իրենց կապը
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու հայտարարություն էր տարածել։ Մինչ այդ ուշագրավ դեպք էր պատահել. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ին կորոնավիրուսի թեմայով հղած ուղերձից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքների կադրերը (վարչապետը հազում էր և ջուր խմում) հայտնվել էին համացանցում: Վարչապետի ելույթի հեռարձակումն ապահովում էր Հանրային հեռուստաընկերությունը։
Դեպքից հետո, իրենց դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։