ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Ամեն ինչ սկսվեց համավարակի օրերին հարկադիր մեկուսացումից. մինչ ոմանք նեղսրտում էին պարետի՝ իրենց դուսուներս անելը սահմանափակող որոշումներից, գյումրեցի 17-ամյա Անի Բարսեղյանը որոշեց մի այնպիսի զբաղմունք գտնել, որը հնարավորություն կտա կենդանի շփման բացը լրացնել, նաև հարազատներին ու մյուսներին ուրախացնել:
«Չէի ուզում, որ անշունչ ինչ-որ բանով զբաղվեմ, ասենք` հուշանվեր պատրաստեմ, որը կավարտվեր այն պահարանի վրա տեղադրելով։ Ուզում էի՝ շնչավոր լիներ, որը ջերմություն կփոխանցեր մարդկանց ու որոշեցի ծաղիկներ աճեցնել։ Այդ օրերին սահմանափակված մարդկային շփումը ինչ-որ կերպ այդ ծաղիկները կարող էին լրացնել»,- պատմում է Անին։
Որոշում կայացնելու համար շատ ժամանակ չպահանջվեց։ Առանց հապաղելու ծաղկամաններ գնեց և սկսեց կյանք տալ կակտուսներին ու սենյակային ծաղիկներին, որոնք կա՛մ տարբեր մարդկանցից էր խնդրում, կա՛մ գնում էր խանութից։ Գործի հիմնական մասն ավարտելուց հետո աղջիկը որոշեց ապրանքանիշը՝ ՆռԱնի, դիզայնը և ծաղիկների վաճառքի մասին հայտարարությունը տեղադրեց սոցիալական ցանցի էջում:
«Ուզում էի, որ ապրանքանիշը հայկական ինչ-որ էլեմենտ պարունակեր։ Առաջինը նուռը եկավ գլխումս ու տարբերվելու համար իմ անունն էլ ավելացրի, ստացվեց՝ ՆռԱնի»,- ասում է Անին:
Կարճ ժամանակ անց սենյակային ծաղիկների բիզնեսի մասին լուրը տարածվեց Գյումրիում: Նման հաջողության մասին ո՛չ ինքը, ո՛չ էլ ընտանիքի անդամներն անգամ չէին մտածում:
«Անակնկալ որոշում էր, չէինք սպասում, որ նման հաջողության կհասներ, բայց հիմա հպարտանում ենք: Այս ծաղիկների նրբությունն ու պարզությունը Անիիս գրավեց, ուրախ ենք, որ ամեն ինչ՝ սկսած գաղափարից, մինչև գովազդն ու առաքման կազմակերպումը, իրենն են»,- հպարտությամբ նշում է Անիի մայրը՝ Սյուզաննա Թադևոսյանը:
«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն
Բայց բիզնեսն իր կանոններն ունի․ մեկ փոքրիկ սայթաքում և կարող ես ամեն ինչ կորցնել։ Որպեսզի նորաստեղծ բիզնեսը ծաղկի, Անին երկու կարևոր հնարք է կիրառել․ մատչելին ու հաճելին մեկտեղել է, այնպիսի գին է սահմանել, որ բոլորի գրպանին հարմար լինի, նաև մատուցման ինքնատիպ եղանակ է գտել՝ փոքրիկ ծաղիկներն աճեցնոմ է հետաքրքիր, փոքրիկ ծաղկամաններում:
Երբ ակնարկեցինք վաճառքի գինը փոքր-ինչ ավելացնելու մասին, Անին միանգամից մերժողական կեցվածք ընդունեց։
«Ոչ, ոչ։ Ուզում եմ, որ բոլորի գրպանին հարմար լինի, հատկապես մեր քաղաքում դրա կարիքը կա: Ես հասկացա, որ նույնիսկ ամենահասարակ ծաղիկը՝ երիցուկը, ճիշտ մատուցելու դեպքում, իր գնորդին կգտնի»,- պատասխանեց աղջիկը:
Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում
Դրական լիցքեր ու ջերմություն փոխանցելուց զատ, Անիի ծաղիկները նաև «խոսում են»․ Անին դրանց վրա ձեռագիր նախադասություններ է ամրացնում, առայժմ միայն անգլերենով՝ երիտասարդներին գրավելու համար, բայց խոստանում է՝ գնորդները շուտով հնարավորություն կունենան ձեռք բերել նաև Գյումրու բարբառով «խոսող» ծաղիկներ:
Անին նաև ապագա ուսանողուհի է։ Երազում է միջմշակութային հաղորդակցություն ուսումնասիրել, ու թեև ԲՈՒՀ ընդունվելու պատճառով չի հասցնում ծաղիկներին շատ ժամանակ տրամադրել, բայց չի պատրաստվում սկսած գործը «ջուրը գցել»:
Աճեմյանցիները 6 ամիս անց «պարտքը» տվեցին երեխաներին. բացօթյա ներկայացում Գյումրիում
«Արձագանքն այնքան մեծ է, այնքան են գրում ու շնորհակալություն հայտնում, որ դժվար հրաժարվեմ սրանից, բացի այդ, ես էլ եմ դրական էներգիա ստանում: Ուսմանս զուգահեռ անպայման կշարունակեմ այս գործը: Կյանքս առանց ծաղիկների էլ չեմ պատկերացնում»,- խոստովանում է աղջիկը:
Նա առայժմ սեփական խանութ ունենալու մասին չի մտածում, վաճառքն առցանց է կազմակերպում: Դասընկերներն արդեն գիտեն Անիի նոր զբաղմունքի մասին, առաջին գնորդները հենց նրանք են և շատ են քաջալերում նորաթուխ բիզնես լեդիին:
Խախտելով ակադեմիական թատրոնի կանոնները. Գյումրին արդեն «Մտորումների թատրոն» ունի
Ինչ խոսք՝ այս ամենը չէր լինի, եթե չլիներ Անիի ծնողների դրական արձագանքն ու աջակցությունը: Մեծ է նաև նվիրյալ ու սրտացավ հաճախորդների ներդրումը, որոնք ոչ միայն պարբերաբար գնում են «ՆռԱնիի» ծաղիկները, այլև դրանք նկարում ու տարածում են սոցիալական ցանցերում: