ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահում է Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի` Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ հավաքականի հանդիպումներին չմասնակցելու վերաբերյալ պաշտոնական տեղեկությանը։
Մխիթարյանի բացակայությունը վերջին երկու խաղերին մեծ քննարկումների տեղիք է տվել։ Մասնավորապես, շատերը չեն հավատում պաշտոնական տեղեկությանը, թե Մխիթարյանի բացակայությունը կապված է նրա մարզավիճակի հետ։ Եվ սա հատկապես այն դեպքում, երբ մեր հավաքականը պարտվում էր Մակեդոնիայի ընտրանուն, իսկ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Ռոմայի» կազմում:
«Ես ավելի հակված եմ հավատալու և ընդունելու այն դիրքորոշումները, որոնք ներկայացրել են ոլորտի պատասխանատուները` ՀՖՖ նախագահն ու ազգային հավաքականի մարզիչը»,–ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ վերջերս հրապարակում եղավ, որ հաջորդ հավաքին Մխիթարյանը կմասնակցի:
Մխիթարյանը դավաճան չէ. ինչու են դավադրություններ փնտրում Հենրիխի` խաղին չմասնակցելու մեջ
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի կազմում վերջին երկու խաղերից Մխիթարյանի բացակայության իրական պատճառը կոնֆլիկտն է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Կապառոսը, սակայն, հերքել էր այդ լուրերը` հավաստիացնելով, թե հոկտեմբերին կայանալիք խաղերին Մխիթարյանը կմասնակցի։
Ի դեպ, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի ժամանակ Հայաստանը 2։1 հաշվով պարտվել էր, իսկ Էստոնիայի թիմի դեմ 2։0 հաշվով հաղթանակ տարել։